Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։

Նիստին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաեւ Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Փաստաբանների պալատի անդամներ:

Նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի եւ 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւերի եւ խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները:

Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլեւ իրավասու պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: