Երեւանում` այսօր` հունիսի 22-ին (Նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային միության վրա հարձակվելու օրը) տասնյակ երիտասարդներ հավաքվել են «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ոգեկոչելու Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակն ու դատապարտելու պատերազմները։
«Հիշատակի հերթափոխ» խորագրով ակցիային մասնակցել են նաեւ նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքների ներկայացուցիչներ՝ Մոսկվայից, Երեւանից, Ալմաթիից, Բաքվից, Բիշքեկից, Դուշանբեից, Մինսկից, Սանկտ-Պետերբուրգից, Թբիլիսիից: Մասնակիցները հիշել են պատերազմի հայտնի ու անհայտ հերոսներին, վառել իրենց հիշատակի մոմը եւ մեծարել պատերազմի վետերաններին։
Ակցիային մասնակից երիտասարդները նշել են, որ նման ակցիաներով է նաեւ կերտվում խաղաղությունը։
Նշենք, որ ուղիղ 70 տարի առաջ 1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան նացիստական Գերմանիայի զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմի առաջին ժամերին հուժկու գնդակոծման ենթարկվեցին Ուկրաինայի եւ Բելառուսի մայրաքաղաքները, ԽՍՀՄ խոշոր եւ ռազմավարական այլ քաղաքներ:
Հունիսի 23-ին համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվեց: Խորհրդային Հայաստանից ճակատ ուղարկվեցին մոտ 600 հազար հայորդիներ, որոնց կեսից ավելին մահացան:
Ստեղծվեցին 6 ազգային դիվիզիաներ, 107 հայորդիներ հռչակվեցին Խորհրդային Միության հերոսներ:



























