Հայաստանի տնտեսության վերականգնման մասին հայտարարությունները իշխանությունների նախընտրական մանիպուլյացիա են: Այս մասին մայիսի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի արդեն մարտ ամսից իշխանությունները սկսել են սահմանափակող միջոցներ կիրառել՝ հույս հայտնելով, որ պաշտոնյաները այս մասին չեն մոռացել:

Ապրիլից սկսած երկրում փաստացի լոքդաուն է եղել եւ, տնտեսական ակտիվության աննախադեպ անկման հետ կապված, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կրճատվել, իսկ որոշ տեղերում հարկային մուտքերի ցուցանիշները նույնիսկ հասել են զրոյի:

Նկատենք, որ վերջերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե 2021թ․ ապրիլին գրանցվել է հարկային մուտքերի ռեկորդային ծավալ (ավելի քան 340 միլիոն դոլար)՝ հավաստիացնելով, որ երկրի տնտեսությունը գտնվում է ապաքինման վիճակում:

Ապրիլին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ հարկերի հավաքագրման տեմպերը խոսում են երկրի տնտեսության վերականգնման մասին:

«Ըստ էության, այս տվյալները համեմատվում են անցած տարվա ցուցանիշների հետ, որոնք զրոյական են եղել: Սա բացահայտ մանիպուլյացիա է, նախընտրական մանիպուլյացիա»,- ընդգծեց Ավետիսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ 2020-ին իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում Հայաստանը ստիպված գնացել է սահմանափակումների:

«Եթե նրանք ցանկանում են իմանալ իրական պատկերի մասին, ապա թող նայեն օտարերկրյա ներդրումների թվերին, մասնավորապես` օտարերկրյա ուղղակի ներդրումների թվերին, ինչպես նաեւ դրամի արժեզրկմանը եւ ինֆլյացիայի աճին: 2021թ․ հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, նույնիսկ սահմանափակումների փաստացի բացակայության պայմաններում, տնտեսական գործունեության ցուցանիշները շարունակել են ընկնել: Տնտեսությունը շարունակում է քայքայվել, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները աճում են: Միեւնույն ժամանակ, աշխատավարձերը, կենսաթոշակները եւ նպաստները մնում են նախկին մակարդակի վրա»,- հավելեց փորձագետը:

Իշխանությունները, ըստ էության, վերցնում են ինչ-որ դիսկրետ ցուցանիշ եւ այն ներկայացնում են ընդհանուր պատկերից առանձնացված՝ շեփորելով, որ դա առաջընթաց է:

«Նրանք հետապնդում են միայն նեղ քաղաքական շահեր, եւ ոչ մի լուրջ մարդ չի կարող հավատալ Հայաստանի տնտեսության վերականգնման մասին հայտարարությանը: Իշխանությունները, փոխանակ զբաղվեն խնդիրների լուծմամբ, զբաղված են ընտրություններին նախապատրաստվելով՝ որոշ հատվածական թվեր հրապարակելու տեսքով: Այս ամենը հնարավոր սպառնալիքներ է ստեղծում ներդրումների ներգրավման տեսանկյունից, քանի որ ոչ ոք նման իրավիճակում փող չի ներդնի»,- եզրափակեց Ավետիսյանը: