ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասին հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ԱՄՆ-ի կտրուկ դիրքորոշումը: Այս մասին Պետդեպարտամենտը հայտարարել է Լոնդոնում նախարարների հանդիպումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետքարտուղարը նաեւ բարձրացրել է այն հարցը, որ (ԱՄՆ)վվարչակազմը վճռականորեն դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Պետքարտուղարն ու արտգործնախարարը ընդգծել են, որ տրանսատլանտյան համագործակցությունը անհրաժեշտ է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ապակայունացնող գործողությունների ֆոնին»,- հավելել է Փրայսը:

Նաեւ, նրա խոսքով, քննարկվել է Ուկրաինային աջակցությունը:

«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ գազատարի երկու գծի կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն նաեւ կանցնի Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով: Միացյալ Նահանգները իր հեղուկացված գազը մղում է դեպի Եվրոպա եւ փորձում է թույլ չտալ ռուսական գազատարի ավարտը: 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում շվեյցարական Allseas-ն անմիջապես դադարեցրել է աշխատանքը: Տեղադրումը վերսկսվել է մեկ տարի անց՝ 2020 թվականի դեկտեմբերին Nord Stream 2 AG-ի օպերատորը, խողովակաշարի Fortuna տեղադրողի օգնությամբ, գերմանական ջրերում 2,6 կիլոմետր խողովակ է տեղադրել: Այժմ շինարարությունը հասել է վերջին փուլին: «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը հայտնել է, որ նախագիծը կավարտվի այս տարի: