Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ Համաշխարհային բանկը պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում հակաճգնաժամային 25 միջոցառումներից 4-ի դեպքում հանդիսանալ անհատուց համաֆինանսավորող եւ ցանկանում է  3,718 մլն դոլարի չափով միջոց տրամադրել այդ ծրագրերին:

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման համաձայնագիրը կստորագրվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) կողմից։ 

Դրամաշնորհի ընդհանուր նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած անձանց տոկունության ամրապնդմանը,  հյուրընկալ համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության խթանմանը։

Նպատակն իրագործվելու է դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելիք չորս ծրագրերի միջոցով` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցությունը նպատակ ունի ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը` օգնելով հարթել հիմնական սպառման հետ կապված խնդիրները և աշխատանքային տարիքի տեղահանված անձանց ներգրավել աշխատաշուկայում:

Վերը նշված ծրագրերը կօժանդակեն Ադրբեջանի կողմից 2020թ․սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ընդունված աջակցության թիվ 1, 6, 9 և 10 ծրագրերի իրականացմանը։ Այսպիսով, ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության ներկայիս առաջնահերթություններին և արձագանքում է հրատապ կարիքներին։