Չեխիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել հանրապետության բնակիչներին ուղղված պահանջը՝ փողոցում բժշկական դիմակներ կրելու մասին, եթե նրանց միջեւ հեռավորությունը երկու մետրից ավելին է: Համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել երկուշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այժմ պաշտպանական այդ միջոցները կպահանջվեն միայն մարդաշատ վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հանրային տրանսպորտի հերթերը կամ կանգառները: Այս որոշումն իշխանությունները կայացրել են հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի բարելավման կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ, սանիտարահամաճարակային անվտանգության առավելագույն միջոցառումների պահպանման պայմանով իրենց աշխատանքն են վերսկսել խանութները, տուրիստական գործակալությունները, սոլյարիները, գրավատները, կոշիկի նորոգման սրահները եւ բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող այլ ձեռնարկություններ: Երկուշաբթի օրվանից բուհերի ուսանողները կարող են վերսկսել գործնական դասերը, իսկ հանրապետության բոլոր 14 մարզերի մանկապարտեզների երեխաներն այլեւս պարտավոր չեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել: Մինչդեռ դպրոցականները եւ ուսանողները կշարունակեն պարբերաբար թեստեր հանձնել: Եթե համաճարակաբանական իրավիճակը Չեխիայում շարունակի բարելավվել, ապա, ինչպես ասում են իշխանությունների ներկայացուցիչները, մայիսի 17-ին, հանրապետությունում կվերսկսվի ռեստորանների եւ սրճարանների տեռասները աշխատանք:
Իշխանությունները հասարակական վայրերում բժշկական շնչառական միջոցներ կրելու պարտականությունը մտադիր չեն վերացնել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն պայմաններում, երբ երկրի ընդհանուր բնակչության երկու երրորդը պատվաստված լինի կորոնավիրուսի դեմ: Նման իրավիճակ, ինչպես կանխատեսվում է, կարող է գրանցվել ամռան վերջին:





























