Հայաստանի նախկին իշխանությանը ոչ ոք չի ընտրի, ուստի իմաստ չկա վախեցնել մարդկանց նրանց հնարավոր վերադարձով: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 10-ին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր կուսակցության դիրքորոշումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածության մասին:
Նրա կարծիքով՝ իշխանությունները փորձել են հասարակության մեջ հետեւյալ գաղափարը ներդնել. «ընտրեք մեզ կամ կգան նախկին իշխանությունները կամ օլիգարխները»:
Մարուքյանը նշել է, որ իշխանությունները հասել են այն ամենին, ինչ ցանկացել են, եւ նրանց հենց պետք էր այդպիսի դիրքորոշումը, որպեսզի շահավետ դիտվեն դրա ֆոնին:
«Մի՞թե չեք հավատում, որ ժողովուրդն իր որոշմամբ կընտրի նախկին իշխանություններին: Իհարկե, ոչ: Իշխանությունները վախեցնում են մարդկանց անցյալի ուրվականներով»,-համարում է Մարուքյանը:
Ընդ որում՝ նա ուշադրությունը հրավիրել է առ այն, որ նոր իշխանությունները չեն ցանկանում խոստովանել իրենց սխալները: Այդ առնչությամբ նա հիշել է խորհրդարանում միջադեպը, երբ «Իմ քայլը» դաշինքի մի քանի պատգամավոր բռունցքներով հարձակվել էր նրա վրա հենց նիստերի դահլիճում:
«Հետո ինձ ասել են, որ մեղավորը ես էի: Դա նույնն է, եթե ես այժմ ասեմ, որ Փաշինյանին Մեղրիում դիմավորել են հայհոյանքներով եւ դրանում մեղավորն ինքն էր: Դուք պարզապես չեք խոստովանում ձեր սխալները»,-ընդգծել է Մարուքյանը:
Նա համոզված է, որ, եթե նոր խորհրդարանում լինեն «ներկաներ» եւ «նախկիններ», ապա ամեն ինչ կվերածվի լեզվակռվի՝ «հիմար – հիմարը դու ես» կամ «դավաճան – դավաճանը դու ես» սկզբունքով:
«Դրա իրական այլընտրանքը կա ուրիշ քաղաքական ուժերի շրջանում»,-եզրափակել է խորհրդարանականը՝ ակնարկելով իր քաղաքական ուժին:





























