Սասուն Միքայելյանին վաղուց եմ ճանաչում, այսօր նրա վարքագիծը, արտահայտություններն անհասկանալի են, ես դրանք չեմ կարողանում հասկանալ։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վազգեն Կարախանյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին եղել է նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
Անդրադառնալով վերջին շրջանում Սասուն Միքայելյանի հնչեցրած այն հայտարարություններին, թե մենք բանակ չենք ունեցել (չնայած տարիներ շարունակ նա այդ բանակի հետ ուղիղ առնչություն է ունեցել, լինելով նաև ԵԿՄ անդամ), Կարախանյանը չցանկացավ նրա մասին ավելի կոշտ արտահայտվել, բայց նշեց, որ բանակ, անշուշտ, ունեցել ենք, գուցե եղած ռեսուրսները բավարար չեն եղել զինվորի մարտական ոգին էլ ավելի բարձր պահելու համար, բայց ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, որ մենք բանակ ունեցել ենք։
Կարախանյանը հիշեցնում է 2016-ի քառօրյա ռազմական գործողությունների մասին ու փաստում, որ այդ ժամանակ արդեն չէր կարողանում հաշտվել եղած մարդկային կորուստների հետ ու իր դժգոհություններն է ներկայացրել պաշտպանական կառույցի պատասխանատուներին։ «Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ամբողջովին ստվերեց նախորդը։ Ես չեմ հասկանում, թե ինչեր են հիմա խոսում, զոմբիներ են, ինչ են։ Մենք հիմա երկիր ենք կորցնում, որի համար 1960-ականներից պայքարել եմ։ Եթե մենք այս ամենին ենք արժանի, ուրեմն էլ ժողովուրդ չենք, այս արևի տակ իրավունք չունենք ապրելու։ Եթե այս անգամ էլ մենք չպրծնենք այս գժանոցի դուրսպրծուկից, ուրեմն մեր ապագան իսկապես վտանգված է»,- շեշտեց Վ․ Կարախանյանը։
Հավելենք, որ առաջին արցախյան ազատամարտից հետո Սասուն Միքայելյանի և ՀՀԿ-ականների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ նրա ջերմ հարաբերությունների մասին մամուլը մշտապես գրել է։ Սակայն 2008-ին Միքայելյանը, ՀՀԿ-ի եւ շատերի համար անսպասելի կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին։ Վերջերս ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն էլ մի ուշագրավ բացահայտում արեց Միքայելյանի վերաբերյալ։ «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար», - ասել էր նա։
Նկատենք նաև, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո Սասուն Միքայելյանը հայտարարեց․ «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։ Ստացվում է, արցախյան ազատամարտը չկարևորողը խոսում է բանակ չունենալու մասին։





























