Ադրբեջանի համար հայտնվել է Հայաստանի տարածքի մի մասը զավթելու լավագույն պահը, քանի որ հանրապետությունում, ըստ էության, չկա ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, դրանք արձակված են: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Սյունիքի իրավիճակը:

Նման իրավիճակում, ինչպես նշեց Բոստանջյանը, Բաքուն կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ:

«Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է գիտակցության գա՝ կա՛մ մենք փրկում ենք մեր երկիրը, կա՛մ ամբողջությամբ ձեռքերը լվանում ենք»,- ասաց տնտեսագետը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը առաջ են շարժվում Վարդենիսի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ եւ Սյունիքի մարզում:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն «սահմանները հստակեցնելու» պատրվակով փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել սահմանամերձ հատվածներից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները: Գերատեսչությունը հերքել է նաեւ Իշխանասարի (Սյունիք) ուղղությամբ մարտերի մասին տեղեկատվությունը: