Իսրայելի իշխանություններն էթնիկ զտումներ են իրականացնում, չորեքշաբթի հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելցի օկուպանտներն իրագործում են ռազմական հանցագործություններ եւ էթնիկ զտումներ՝ ուղղված Երուսաղեմում պաղեստինցիների դեմ»,-մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը: «Երուսաղեմը հավետ կլինի Պաղեստինի մայրաքաղաքը, ինչի այլըտրանքը մենք չենք հանդուրժի»,-ընդգծել է Աբասը:
Նա նաեւ կոչ է արել բոլոր պաղեստինցիներին միավորվել եւ հետ մղել Իսրայելին: «Ես կոչ եմ անում միացյալ Պաղեստինին հակազդել իսրայելցի օկուպանտների բարբարոսական ագրեսիային: Երուսաղեմը պաղեստինցիներինն է, եկեք անցյալում թողնենք մեր [ներքին] տարաձայնությունները»,-ասել է Աբասը:
Երկուշաբթվանից Իսրայելի բանակն ու արմատական պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում չեն դադարում փոխադարձ հրթիռակոծումները: ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Իզեդին ալ Ղասամի ջոկատները», երեքշաբթի եւ չորեքշաբթի հայտարարել է Թել Ավիվի, Բեէր Շեւայի, Աշկելոնի, Աշդոդի եւ Իսրայելի այլ քաղաքների ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ արձակելու մասին: Հրեական պետության ԶԼՄ-ները հաղորդում են վեց զոհված իսրայելցու մասին: Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է 65 պաղեստինցի, ներառյալ՝ 16 անչափահաս, վիրավորվել է ավելի քան 350 մարդ:





























