Ակնհայտ է, որ դրանք հայկական տարածքներ են եւ եթե հայկական կողմը տեղի տա, ապա ադրբեջանցիներն անդադար կարող են ինչ-որ տեղերում քարտեզներ տպել ու բերել ասել՝ այդ քարտեզի համաձայն սա էլ է մերը, սա էլ, նա էլ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին, որտեղ ադրբեջանական զորքը մի քանի կմ մտել է հայկական տարածք:

«Բազմաթիվ տեղերում սահմանի վրա Ադրբեջանը զորք չունի, մենք էլ կարող ենք գնալ մտնել կանգնել, նույն բանը անել: Բայց երբ հայկական կողմն իրեն պահում է միջազգային իրավունքին եւ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին  համահունչ, սա չպետք է դառնա Ադրբեջանի կողմից նոր սադրանքների առարկա:

Սա ազդակ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, որ եռակողմ հայտարարության կողմերից մեկն իրեն չի պահում այնպես, ինչպես պետք է պահեր: Նաեւ լուծված չէ ռազմագերիների հարցը, որը պետք է վաղուց լուծված լիներ»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել ոչ թե այդ կառույցի կանոնադրության 4-րդ հոդվածով, այլ 2-րդ հոդվաով, այսինքն տեղի ունեցածը դիտրակվել է ոչ թե որպես ագրեսիա, այլ ագրեսիայի սպառնալիք, Մարուքյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչու են ՀԱՊԿ-ի երկրորդ հոդվածով դիմել, բայց ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք կրակել ենք դեռեւս երկրորդ հոդվածի փամփուշտը, ոչ թե 4-րդը: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, չենք ասում զորքերով արի, որովհետեւ մենք էլ զորք ունենք, կարող ենք միջամտել: Որից հետո, եթե դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել նաեւ մեր դիմումի լույսի ներքո:

Եթե այս խնդիրը չկարգարվորվի, բնականաբար, անկանխատեսելի հետեւանքներ կարող են լինել կամ շատ կանխատեսելի, այսինքն էսպալացիա, ռազմական կոնֆլիկտ արդեն Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ի տարածքում»,-ասաց Մարուքյանը:

«Քանի դեռ խաղաղ պրոցես է եւ բանակցություններ են ընթանում, չեմ կարծում, թե ճիշտ է ռազմական դրություն հայտարարելը: Եթե կլինի էսկալացիա, բնականաբար, կհայտարարվի ռազմական դրություն, որը կչեզարկի ԿԸՀ-ի կողմից սահմանած ամբողջ գրաֆիկը»,-ընդգծեց նա: