Ոստիկանության Հրազդանի բաժնից այսօր` հունիսի 23-ին ժամը 19:00-ի սահմաններում ահազանգել են Կոտայքի մարզի փրկարարական վարչություն եւ հայտնել, որ իրենց օգնության կարիքը կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19-ի սահմաններում, Հրազդան գետի ճնշման կայանում Կոտայքի մարզի փրկարարական վարչության փրկարարական ջոկատի աշխատակիցները` վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Հրազդանի հրշեջ-փրկարարական  ջոկատի աշխատակիցները` ջոկատի հրամանատար Լորիս Գրիգորյանի գլխավորությամբ, Հրազդան գետի ճնշման կայանից դուրս են բերել երիտասարդ մի աղջկա դիակ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ:

Մեզ հետ զրույցում ոստիկանության Հրազդանի բաժնի պետը հայտնել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Թուխիկ Մուրադյանն է: Այստեղ են նաեւ նրա հարազատները: Վերջիններս հայտնել են, որ Թուխիկ Մուրադյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ հնարավոր է, որ տեղի ունեցածը կամ դժբախտ պատահար է, կամ ինքն իրեն նետել է գետը: Դա կպարզի ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը: