Տարեց ճապոնացին իր բոլոր խնայողությունները անանուն կերպով կանխիկ նվիրաբերել է Յոկոսուկա քաղաքին:

Երկուշաբթի տղամարդը ներկայացել է Յոկոսուկայի քաղաքապետարան եւ խնդրել ուսապարկը, որի մեջ նամակ է եղել, հանձնել քաղաքապետին: Այս մասին AFP-ին հայտնել է տղամարդու հետ հանդիպած մի պաշտոնյա:

«Մենք ուսապարկում 60 միլիոն իեն (550 850 դոլար) կանխիկ գումար գտանք եւ մի նամակ, որում ասվում էր. «Սա այն գումարն է, որը հավաքում եմ առաջին դասարանից: Խնդրում եմ՝ օգտվեք դրանից: Սա նվիրատվություն է»:

Տղամարդը մոտ 70 կամ 80 տարեկան է եղել, նա ցանկացել է անանուն մնալ: «Մենք երբեք անանուն անձի կողմից այսքան մեծ նվիրատվություն չենք ստացել»,- հավելել է պաշտոնյան:

Քաղաքապետ Կացուակի Կամիջին ասել է, որ նվիրատվությունն իրեն «զարմացրել եւ հուզել է», հատկապես՝ համավարակի ծանր ժամանակներում: «Ես լի եմ երախտագիտությամբ»,- ասել է նա:

Անցյալ տարի 30 միլիոն իեն կանխիկով լցված պայուսակով մի անձ է ներկայացել Նարայի քաղաքապետարան: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նա գրություն է թողել, որում ասել է, որ ցանկանում է գումարն օգտագործվի աղքատներին օգնելու եւ կրթությունը ֆինանսավորելու համար:

Կոբեի հիվանդանոցներից մեկը անանուն նվիրատուից փոստով հինգ միլիոն իեն կանխիկ գումար է ստացել: