ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է պատժամիջոցների ցուցակում ավելացնել եւս չորս նավ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» շինարարությանը, գրում է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Վաշինգտոնում կարծում են, որ նման մոտեցումը կօգնի դանդաղեցնել նախագծի իրականացումը, չնայած այն արդեն պատրաստ է ավելի քան 90 տոկոսով։ «Հյուսիսային հոսք – 2»-ի հակառակորդները հույս ունեն, որ գերմանական «Կանաչներ» կուսակցությունը, որը դեմ է խողովակաշարի շինարարությանը, տեղեր կստանա սեպտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններում։ Չորս նավերի դեմ սահմանափակիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությունը ներառվելու է ԱՄՆ Կոնգրեսին Պետդեպարտամենտի հաշվետվությունում եւ կներկայացվի այսօր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միեւնույն ժամանակ, ԶԼՄ աղբյուրները հաստատել են Axios պորտալի տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի ծրագրում պատժամիջոցներ մտցնել Nord Stream 2 գազատարի AG օպերատոր ընկերության եւ նրա ղեկավար Մաթիաս Վառնիգի դեմ։ Այս քայլը, հավանաբար, կքննադատեն օրենսդիրները, որոնք պահանջում են կոշտ սահմանափակումներ մտցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի շինարարությունում գործող ընկերությունների դեմ։
Նախագծով նախատեսվում է գազատարի երկու ճյուղի կառուցում՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր թողունակությամբ, այն ձգվում է Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա։ Դրա դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը, որը ԵՄ-ում վաճառում է իր հեղուկացված գազը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ։





























