Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի մարզերի տարածքում գործում են առնվազն երկու գաղտնի լաբորատորիաներ, որոնց մասին ոչինչ չի ասվում: Այս մասին Եվրասիական տարածքում կենսաբանական բնույթի սպառնալիքներին նվիրված ռուս-հայկական համաժողովում ասաց «Միասնական առողջություն» կոալիցիայի ղեկավար, անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Նա հավելեց, որ 2020թ. դրությամբ, սպառնալիքների նվազեցման ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքում գործում է 11 լաբորատորիաներից կազմված ցանց` 10-ը՝ մարզերում, 1-ը՝ մայրաքաղաքում:

«Կան եւս 20 արբանյակ լաբորատորիաներ: Դրանք անասնաբուժական լաբորատորիաներ են, սննդամթերքի անվտանգության լաբորատորիաներ եւ այլ բժշկական լաբորատորիաներ, որոնք ծրագրի ոչ պաշտոնական արբանյակներ են»,- նշեց փորձագետը: