Ֆրանսիայի ոստիկանությունը լայնամասշտաբ ցույց է կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով օրենք ստեղծել իրավապահների համար:

AP-ի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերի հանրահավաքը համարձակ եւ անսովոր քայլ դարձավ ուժայինների համար: ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինը հայտնվեց հանրահավաքի սկզբում՝ անցնելով արհմիության դրոշները ծածանող մարդկանց բազմության միջով: «Դուք պետք է օգնեք մեզ, պարոն նախարար»,- սպան ոգեւորությամբ ասաց Դարմանինին:

Վերջին շաբաթներին երկու ոստիկան է սպանվել. մեկը՝ ահաբեկչության արդյունքում, իսկ մյուսը՝ 19-ամյա հանցագործի կողմից: Դա, ինչպես նաեւ իրավապահների մշտական ընդհարումները երիտասարդների հետ, ովքեր տարբեր իրեր են նետում իրավապահների վրա, զայրացրել են ոստիկանությանը:

«Վճարում են ծառայության համար, այլ ոչ թե մահվան»,- գրված էր Ազգային ժողովի՝խորհրդարանի ստորին պալատի առջեւ հսկայական պաստառի վրա:

Ոստիկանները պահանջում են օրենք ընդունել, որը կալանավորում կերաշխավորի իրենց վրա հարձակվողների համար, եւ արդարադատության համակարգ, որը կպատժի մանր իրավախախտներին, որոնց նրանք ձերբակալում են դատարանի կողմից ազատ արձակելուց հետո:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով, ինչպես սպասվում է, 2022 թվականին կպայքարի երկրորդ ժամկետի համար, անվտանգությունն առաջին տեղում է դրել իր օրակարգում: Սակայն ոստիկանությանը ոչ միայն խոստումների ցուցակ է պետք, այլ, օրինակ, սպայի սպանության մեջ մեղավոր ճանաչված ցանկացած անձի 30 տարվա ազատազրկման երաշխիք: