ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վատթարացել են այնքան, որ ԵՄ-ին անհրաժեշտ է անցկացնել դրանց խորքային վերագնահատում: Այդ մասին ասվում է Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի զեկույցում:

Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունն է՛լ ավելի է հեռվանում ԵՄ արժեքներից եւ ստանդարտներից, ինչի հետեւանքով հարաբերությունները հասել են պատմական նվազագույնի, նշել են օրենսդիրները, որոնք հատկապես մտահոգված են օրենքի գերակայությամբ եւ հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքով:

Չորեքշաբթի ներկայացված զեկույցում հեղինակները պնդում են, որ, եթե Թուրքիան չչեղարկի ընթացիկ բացասական միտումը, Եվրահանձնաժողովը պետք է առաջարկի պաշտոնապես դադարեցնել անդամակցելու մասին բանակցություները:

Քննադատելով Թուրքիայում ռեգրեսիվ ինստիտուցիոնալ ռեֆորմները՝ պատգամավորները մտահոգություն են հայտնել «նախագահական համակարգի ավտորիտար մեկնաբանմամբ», որը մատնանշում է դատական համակարգի անկախության բացակայությունը եւ «շարունակական հիպերկենտրոնացումը»:

Նրանք նաեւ մտահոգված են Թուրքիայի թշնամական արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ, ինչպես նաեւ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմների մեջ դրա մասնակցությամբ, ինչը հակասում է ԵՄ-ի առաջնահերթություններին:

Եվրահանձնաժողովը նաեւ կրկնել է Թուրքիային ուղղված իր կոչը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, «ինչը ուղի կհարթի թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման համար»:

Վերահաստատելով այն համոզմունքը, որ Թուրքիան իրենց հիմնական գործընկերն է տարածաշրջանում կայունության հաստատման համար՝ եվրախորհրդարանականները ընդունում են այդ երկրի հետ իրական եւ արդյունավետ երկխոսություն հաստատելու ուղղությամբ ԵՄ շարունակական դիվանագիտական ջանքերը:

Զեկույցում հիշեցվում է, որ Թուրքիան շարունակում է կարեւոր դեր ունենալ գրեթե 4 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում, որոնցից մոտ 3.6 միլիոնը սիրիացիներ են, եւ նշվում է, որ COVID-19 համավարակի պատճառով այս ճգնաժամի հաղթահարման խնդիրները էլ ավելի են խորացել: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ միգրանտների եւ փախստականների օգտագործումը որպես քաղաքական ճնշման եւ շանտաժի գործիք անընդունելի է: