Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավոր է բեկումնային փուլ լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ճանապարհին: Հաշվի առնելով բանակցային ներկա փուլի կարեւորությունը` գաղտնիք չէ, որ անհրաժեշտ է նաեւ սեփական ժողովուրդներին պատրաստել նման կարեւորություն ունեցող փաստաթղթի հնարավոր ստորագրմանը:
Այս հարցում իրավիճակները շատ տարբեր են երկու հարեւան երկրներում` Հայաստանում եւ Ադրբեջանում: Չնայած ստորագրվելիք փաստաթղթի շուրջ առկա տարակարծությանը` Հայաստանում հասարակությունը տեղյակ է փաստաթղթում առկա մարտահրավերներին եւ ձեռքբերումներին: Իրավիճակը այլ է հարեւան երկրում, որտեղ իշխող վարչակարգը տարիներ շարունակ օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու փոխարեն զբաղվել է սեփական ժողովրդի ուղեղի լվացմամբ` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն:
Բաքվի վարած այս քաղաքականության նպատակը ժողովրդի լայն շրջանակներին մոլորության մեջ գցելն է, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել հակակառավարական ըմբոստություններից եւ ապահովել ալիեւյան կլանի անխափան եւ երկարաժամկետ կառավարումը:
Կազանում փաստաթղթի հնարավոր ստորագրման վերաբերյալ աղմուկը ջրի երես է հանում Բաքվի անհեռանկար քաղաքականությունը:
Ադրբեջանական հասարակությունը սկսում է գիտակցել, որ տարիներ շարունակ իշխանության տված խոստումներն ու հավաստիացումները, իրականում ընդամենը խոսքեր են եղել: Խաբված հասարակության մեջ օրեցօր աճում են հակակառավարական տրամադրությունները:
Հունիսի 19-ին «Մուսավաթ» եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ (ԱԺՃԿ) կուսակցությունները Բաքու քաղաքի տարբեր մասերում կազմակերպել են բողոքի ցույցեր` արտահայտելով իրենց դժգոհությունը իշխող վարչակարգի նկատմամբ, իսկ ոստիկանները բռնի ուժով ցրել են այդ ցույցերը: Ըստ ռուսական աղբյուրների` Ադրբեջանի 23քաղաքացիներ ձերբակալվել են:
Ժողովրդի մեջ աճող դժգոհությունը եւ հնարավոր անկախատեսելի քայլերը ստիպեցին իշխանությանը ռազմական շքերթ կազմակերպել Կազանում կայանալիք հանդիպման հենց հաջորդ օրը, իբր` առաջին հանրապետության օրը, որի իրավահաջորդն է հանդիսանում Ադրբեջանի Հանրապետությունը` ռազմական ուժերի ստեղծման օրվա կապակցությամբ: Նախկինում այդ օրը երբեք ռազմական շքերթ չի իրականացվել Ադրբեջանում: Նպատակը ակնհայտ է` սեփական ժողովրդին զենքի եւ զինտեխնիկայի միջոցով վախեցնելը եւ հնարավոր հակակառավարական ելույթները կանխելը:
Որոշ հանգամանքների բերումով Կազանում կայանալիք հանդիպումը տեղափոխվեց մեկ օր շուտ: Հնարամիտ ղեկավարությունը գտավ նաեւ այս խնդրի լուծումը: Հունիսի 23-26-ը փակվելու են Բաքվի կենտրոնական փողոցները, իբր` ռազմական շքերթին հավուր պատշաճի նախապատրաստվելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ շքերթը ադրբեջանական իշխանությունները ցանկանում են ռազմական տեխնիկան Բաքվում փորձարկել:
Հետաքրքիր է` ինչ նոր հնարամտություն կմտածեն ադրբեջանական իշխանությունները, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով կազանյան հանդիպումը հետաձգվի որոշ ժամանակով: Հավանաբար տեղում կսկսեն զորավարժություններ անել, որ ժողովուրդն էլ ավելի մոտիկից ծանոթանա ադրբեջանական զինտեխնիկային:
Չի բացառվում, որ Կազանում կայանալիք հանդիպումից, եւ փաստաթղթի հնարավոր ստորագրումից հետո Ադրբեջանում մեծամասշտաբ բողոքի ակցիաներ լինեն: Հիմա արդեն դրա նախադրյալները երեւում են, իսկ իշխանություններին հավանաբար նոր հնարքներ եւ հնարամտություն է հարկավոր իրենց համար անցանկալի զարգացումներից խուսափելու համար:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ ալիեւյան վարչակազմը ձգտելու է ամեն գնով պահպանել Ղարաբաղյան հակամարտության ներկայիս ստատուս-քվոն, երկրի ներսում համաժողովրդական դժգոհության դրսեւորումներից եւ անկախատեսելի զարգացումներից խուսափելու համար:
Մանուկ Համբարձումյան



























