Իշխանությունը միտումնավոր է տարբերակում երկխոսություն եւ բանակցություն հասկացությունները` փորձելով մանեւրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 24-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա պարզաբանեց, որ բանակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու ֆորմատ է, որի ընթացքում պետք է ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ: Մինչդեռ իշխանությունն ուզում է խուսափել բանակցություններից եւ հեռակա երկխոսություն` կարծիքների փոխանակում ծավելել: «Այսինքն` գնալ գյալաջիի: Մենք գյալաջիի ժամանակ չունենք, մեզ պետք են կոնկրետ արդյունքեր»,- հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, որ եթե Կոնգրեսը «գյալաջի» անելու ցանկություն ունենա, ապա այդ նպատակով շատ ավելի հետաքրքիր շրջանակ կընտրի: Կոնգրեսի համակարգողն ընդգծեց նաեւ, որ արդյունավետ երկխոսության միակ ձեւը լիազորված ներկայացուցիչների բանակցություններն են:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում` Զուրաբյանն ասաց, թե այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում. «Մարդն այսօր այդ կարծիքին է, վաղը կարող է այլ կարծիքի լինել»,- նկատեց նա:
Ընդդիմադիր գործիչը անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի մյուս շեշտադրումներին եւ նշեց, որ վերջինս երկու խոշորագույն սխալ է թույլ տվել: «Առաջին սխալն այն էր, որ նա հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունը, քանի որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես հուսով եմ, որ այս հայտարարությունը ուղղակի սայթաքում է իր կողմից, եւ այն պետք է արագորեն շտկել: Սրա վերաբերյալ Տեր-Պետրոսյանը պարզ ձեւով ասել է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում, որտեղ նշել է, որ միակ պատճառը, որ այսօր Հայաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունն այն է, որ չի ցանկանում տապալել խաղաղ բանակցությունները»,- ասել է Զուրաբյանը:
Սարգսյանի թույլ տված երկրորդ, ՀԱԿ համակարգողի խոսքով, նրա այն հայտարարությունն է, թե, եթե այսօր պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կունենա, քանի որ Հայաստանն իր ժողովրդին չի պատրաստել պատերազմի, ինչպես Ադրբեջանը:
«Նախ, ինչո՞ւ չի պատրաստել, եթե կա պատերազմական իրավիճակ, եւ երկրորդ, նման հայտարարություն ՀՀ գլխավոր հրամանատարը չպետք է անի: Այն մեծացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիա կատարելու պահանջարկը»,- ասել է ՀԱԿ համակարգողը:




























