Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությանը, որը տեւել է գրեթե 30 տարի: Այս մասին ԵԽ նախարարների կոմիտեի 131-րդ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Այս փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար` երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա:
Մենք մինչ այժմ ականատես ենք Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի հայտարարությունից եւ, ընդհանրապես, միջազգային մարդասիրական իրավունքից բխող իր պարտավորությունների խախտմանը: Մասնավորապես, ընդգծվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ ականային քարտեզներ տրամադրելու Հայաստանի մերժումը, ինչպես նաեւ 1991-1994 թվականներին Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետեւանքով անհետացած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ Հայաստանի կողմից տեղեկատվություն չտրամադրելը։
Նախարարը միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրախորհրդին, կոչ է արել վճռականություն ցուցաբերել՝ համոզելու Հայաստանին օգտագործել կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման համար բացառիկ հնարավորությունը՝ հրաժարվելով ռեւանշիստական գործունեությունից եւ Ադրբեջանի հանդեպ ատելությունից»:





























