Հայաստանում նախատեսվում է մինչեւ 2013 թվականը կազմակերպել կենսաէթանոլի արտադրություն` տարեկան 18 հազ. տոննա: Այդ մասին նշված է Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագրում, որի վերաբերյալ այսօր` հունիսի 25-ին քննարկումներ են ընթանում Աղվերանում: Ծրագիրը ենթադրում է բենզինին 10 տոկոս կենսաէթանոլ խառնել (բլենդավորել), ինչը 10 տոկոսով կնվազեցնի բենզինի ներկրումը:
Կենսաէթանոլը որեւէ մի կենսաբանական աղբյուրից ստացված էթիլ սպիրտն է, որը կարելի է օգտագործել որպես վառելիք: Այդպիսի աղբյուրներ կարող են լինել ցորենը, եգիպտացորենը, թաղանթանյութը, գետնախնձորը եւ այլն: Որպես վառելիք օգտագործվելու համար սպիրտը պետք է ամբողջովին ջրազրկվի (դառնա 100 տոկոսանոց):
«Կենսատեխնոլոգիա» ԳՀԻ-ի ավագ գիտաշխատող Հակոբ Կարագուլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կենսաէթանոլի արտադրություն սկսելու համար առանձին գործարան կառուցելու անհրաժեշտություն չկա, ընդամենը անհրաժեշտ է սպիրտի արտադրությանն ավելացնել մեկ տեխնոլոգիական պրոցես:
Հ. Կարագուլյանի տեղեկացմամբ` այս տեխնոլոգիան լայն տարածում է գտել աշխարհի որոշ երկրներում: Օրինակ` Բրազիլիայոմ, որտեղ սպիրտը ստանում են էժան շաքարեղեգից, անցել են E-85 տեխնոլոգիային` 85 տոկոս սպիրտ եւ 15 տոկոս բենզին: Սակայն այդ տեխնոլոգիան պահանջում է շարժիչների փոփոխություն, որովհետեւ սովորական շարժիչները 15 տոկոսից ավելի կենսաէթանոլ խառնելիս խնդիրներ կունենան; ԱՄՆ-ում գոյություն ունի ազգային ծրագիր` մինչեւ 2030-40 թվականները բենզինի 20 տոկոսը փոխարինել կենսաէթանոլով:
Համաձայն կանխատեսումների` բենզինի սպառումը Հայաստանոմ հաջորդ տասնամյակում չի աճի, իսկ շարժիչային վառելիքի պահանջարկի աճը հիմնականոմ կապահովվի բնական խտացված գազի միջոցով:
Որպեսզի Հայաստանում կենսաէթանոլի կիրառումը տարածում գտնի, ըստ Հ. Կարագուլյանի, անհրաժեշտ է այդ նպատակով օգտագործվող սպիրտն ազատել ակցիզից, այլապես տնտեսական նպատակահարմարությունը կկորչի: Ընդհանրապես, ըստ մասնագետի, Հայաստանում սպիրտի արտադրության ինքնարժեքը բավական բարձր է, ինչը առայժմ թույլ չի տալիս անցնել կենսաէթանոլին: Բարձր ինքնարժեքի հիմնական պատճառը փոքր մասշտաբն է` փոքր գյուղացիական տնտեսությունները ի վիճակի չեն ցածր ինքնարժեքով մեծ արտադրություն կազմակերպել: Օրինակ` բավական հեռանկարային համավող գետնախնձորի արտադրությունը Հայաստանում 3 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում:
Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա` 2020 թ. հետո Հայաստանում կենսաէթանոլով մեքենաների տորմիղի ձեւավորումը եւ ավելի բարձր սերնդի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա կենսաէթանոլի արտադրությունը հասցնել մինչեւ 100 հազ. տոննա տարեկան ծավալների, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել մինչեւ 85 տոկոս կենսաէթանոլ պարունակող շարժիչային վառելիք:




























