Տաջիկստանի Վախդադ քաղաքում հունիսի 13-17-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կամավորական նախաձեռնությունների երկրորդ միջազգային ֆորումը, որին մասնակցել են 9 պետությունների շուրջ 50 մասնակիցներ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA): ԱՊՀ ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպված համաժողովի հիմնական նպատակն էր կամավորական նախաձեռնությունների մասսայականացումը, քաղաքացիական հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացումը, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցության խթանմանը նպաստող կապերի հաստատումը:

Ֆորումի ընթացքում Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացրել է տարբեր ոլորտներում իրականացրած կամավորական միջոցառումները, որոնցից առավելագույն գնահատականի արժանացան բնապահպանական ծրագրերը: Տեղի է ունեցել փորձի փոխանակում, կամավորության գաղափարների քարոզում, տարբեր երկրների մշակույթների հետ ծանոթացում: Կազմակերպված ցուցահանդեսի եւ դրան հաջորդող թեմատիկ քննարկման ընթացքում ԵԱԴ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք վերաբերում էին էկոլոգիային եւ բնապահպանությանը:

9 երկրների կամավորական նախաձեռնությունների մասին պատմող շնորհանդեսների ժամանակ յուրաքանչյուրը հանգամանորեն ներկայացրել է իրենց երկրում տիրող իրավիճակը: Կազմակերպված միջմշակութային երեկոյի ժամանակ պատվիրակությունները հնարավորություն ունեցել ներկայացնելու իրենց ազգային մշակույթը, խոհանոցը, ավանդույթները:

Համաժողովի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները ընդունել են համաձայնագիր, որտեղ ներկայացված են հետագա համատեղ աշխատանքի ուղղություններն ու եղանակները: