Կիպրոսի հյուսիսում գտնվող Գեչիտկալե ավիաբազա իր որոշ մարտական անօդաչու սարքերը տեղափոխելու Թուրքիայի որոշումը նշանակում է, որ տարածաշրջանում նրա ագրեսիան եւ տարածքային պահանջները շուտով կմեծանան, գրում է Մայքլ Ռուբինը National Interest հոդվածում:
«Ելույթ ունենալով մայիսի 19-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրեց թուրքական ռազմական ներխուժումները Կիպրոս, Միջերկրական ծովի արեւելք եւ Իրաք, ինչպես նաեւ իր աջակցությունը ՀԱՄԱՍ-ին: «Թուրքիան մեզ համար 780 000 քառակուսի կիլոմետրը չէ. Թուրքիան մեզ համար ամենուր է»,- ասաց նա: Նա հայտարարեց, որ հուլիսի 20-ին կայցելի Հյուսիսային Կիպրոս: «Ուղերձները, որոնք մենք կփոխանցենք Հյուսիսային Կիպրոսից, վերաբերում են ոչ միայն կղզուն, այլ ամբողջ աշխարհին»: Թեեւ Էրդողանն իր խոսքում ակնարկում էր, որ կհայտարարի Կիպրոսի ջրերում գազի խոշոր հանքավայրի մասին, նա կարող է նաեւ հայտարարել նոր միակողմանի քայլերի մասին Վարոշայում՝ երբեմնի կենսունակ առողջարանային քաղաքում, որը տարհանվել է թուրքական ներխուժման եւ էթնիկ զտումների արշավների հետեւանքով:
Թեեւ Էրդողանը հակված է պարծենկոտության, Կիպրոսում նրա ներկայիս գործողությունները տարբեր են: 2019թ. դեկտեմբերի 16-ին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ Թուրքիան առաջին անօդաչու սարքերը հասցրել է Թուրքիայի արեւմտյան Մուղլա նահանգից Լեֆկոնիկոյի օդանավակայան կամ Գեչիտկալե ավիաբազա, որը Թուրքիան արդիականացրել է: Թուրքիան շարունակում է Լեֆկոնիկոն վերածել անօդաչու թռչող սարքերի բազայի: Ինչպես բացատրեց Էրդողանը, «Կիպրոսում այժմ կա երկու օդանավակայան՝ Էկրանը, որը գիտեն Թուրքիայում մեր քաղաքացիները, եւ մյուսը, որը նախկինում այնտեղ էր, բայց այժմ կրում է նոր անուն [Գեչիտկալե], որտեղ մենք տեղադրում ենք մեր անօդաչու թռչող սարքերը»:
Սկզբնապես, Թուրքիան հսկողության համար օգտագործում էր հյուսիսային Կիպրոսում գտնվող իր անօդաչու ների բազան, քանի որ նրա նավերը Կիպրոսի ջրերում գազ եւ նավթ էին որոնում, բայց Լեֆկոնիկոյի արդիականացումից հետո նա բազայում տեղակայել է բազմաթիվ այնպիսի մարտական անօդաչու սարքեր, ինչպիսիք են Bayraktar-TB2-ները։
Այն դեպքում, երբ անօդաչուի նախորդ տարբերակներն ունեին ընդամենը 100 մղոն արդյունավետ հեռահարություն, ուղղորդման եւ կառավարման համակարգերի թարմացումները զգալիորեն մեծացնում են անօդաչու սարքի հեռահարությունը, հատկապես հաշվի առնելով դրա 27-ժամյա ինքնավարությունը:
Էրդողանը երկար ժամանակ հանդես էր գալիս Իսրայելի ու Եգիպտոսի դեմ եւ փորձում էր ներթափանցել Լիբանան եւ Գազա: Թուրքիան արդեն խախտել է տարածաշրջանային անվտանգությունը՝ պահանջելով իրավունքներ հունական կղզիների հանդեպ եւ ոտնձգություն կատարելով ոչ միայն Կիպրոսի, այլ նաեւ Հունաստանի եւ Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու ջրերի հանդեպ:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Իսրայելը եւ չափավոր արաբական դաշինքը պետք է ակնկալեն, որ թուրքական ագրեսիան եւ խախտումները շուտով շատ ավելի լուրջ կդառնան:
Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն 2021 թվականի մայիսի 28-ին Անկարա էր այցելել: Hürriyet-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են ԱՄՆ-ի համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը ...»: Գուցե նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Շերմանը կարծում են, որ նման հռետորաբանությունը կհանգստացնի Էրդողանին, բայց պարզվում է հակառակը՝ նման գովեստը համոզում է Էրդողանին, որ ԱՄՆ-ը թույլ է եւ կշարունակի ավելի ագրեսիվ դառնալ։
Ավելի քան ութ տարի առաջ ես նախազգուշացնում էի, որ Թուրքիան ձգտում է զենքի արտահանման իր արդյունաբերությունը ստեղծել այն ժամանակ, երբ Օբամայի վարչակազմը ամերիկյան անօդաչու թռչող սարքեր էր տեղակայում Թուրքիայում:
Բազմաթիվ թուրքական դրոններ, այդ թվում, ամենայն հավանականությամբ, Bayraktar-TB2-ներ, ներառում են ամերիկյան անօդաչու սարքերից վերափոխված կամ ամերիկյան ներմուծված բաղադրիչներից տեխնոլոգիա: Կոնգրեսը պետք է Թուրքիային ԱՄՆ ցանկացած տեխնոլոգիայի կամ ռազմական բաղադրիչի հետագա վաճառքը կամ փոխանցումը կանխելու միջոցներ ձեռնարկի:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղմացրել է Կիպրոսի նկատմամբ զենքի արգելքը՝ թույլ տալով վաճառել ոչ մահացու պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները:
Կիպրոսի գրավյալ տարածքում Թուրքիայի կողմից անօդաչուների բազայի ստեղծումը պետք է հանգեցնի էմբարգոյի մնացած մասը վերացնելուն: Կիպրոսը չունի ռազմաօդային ուժեր, ուստի թուրքական անօդաչու թռչող սարքերը նրան խոցելի են դարձնում այն ժամանակ, երբ Էրդողանը, կարծես, մտադիր է գողանալ Կիպրոսի բնական ռեսուրսները:
Բայդենը, Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պետք է անհապաղ Patriot հրթիռային մարտկոցները փոխանցեն Կիպրոսին՝ տարածքը պաշտպանելու համար, ինչպես նաեւ Կիպրոսին տրամադրեն խափանումների տեխնոլոգիա՝ Լեֆկոնիկոյից արձակված անօդաչու թռչող սարքերի թռիչքներին խոչընդոտելու համար: Պարզ ասած՝ Կիպրոսն արժանի է իրեն պաշտպանելու իրավունքին:
Բարի խոսքերը խաղաղություն չեն բերի Միջերկրական ծովի արեւելքին, միակ ռազմավարությունը, որը կաշխատի տարածաշրջանում, Էրդողանին ցույց տալն է, որ Թուրքիան կարող է շատ ավելին կորցնել «ստատուս-քվոյից» հրաժարվելու դեպքում»:





























