Թեեւ Հայաստանի խոշորագույն գործարարների եւ նրանց բիզնեսի մասին մենք որոշակի պատկերացում ունենք, սակայն ընդհանուր առմամբ հայկական բիզնեսը թափացիկ չէ: Օրինակ` «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, թե «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցն իրեն է պատկանում, սակայն որոշակի փաստեր հակառակն են վկայում:

Ընկերությունների տնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվությունը սուղ է, երբեմն էլ հիմնված է խոսակցությունների վրա: Օտարերկրյա կապիտալով ընկերությունների մասին տեղեկություն ստանալը եւս բարդ խնդիր է:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում դիտարկենք այն ընկերությունները, որոնք անցել են օտարերկրյա ընկերություններին:
 
Ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի բաժնետերերն են  գերմանական «Cronimet»-ը (վերահսկիչ փաթեց - 60%), «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ն (15%) «Armenian molybdenum production» ՓԲԸ-ն (12,5%) եւ «Zangezur Mining»-ը (12,5%):

2004 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվեց 132 միլիոն դոլարով: Նույն թվականին «Cronimet»-ը ներդրեց 45 միլիոն դոլար: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կոմբինատը պետբյուջե է վճարել 20,3 միլիոն դոլար:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակի 7-րդ տեղում
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն է: 2002 թվականին այն 37 միլիոն դոլարով վաճառվեց կասկածելի համբավ ունեցող «Midland Resources Holding Ltd» օֆշորային ընկերությանը, որը 2005-ին «Հայաստանի էլեկտրացանցերը» 73 միլիոն դոլարով վաճառեց «ИНТЕР РАО ЕЭС»-ի դուստր ձեռնարկություն «Interenergo B.V.»-ին:

Ի դեպ, 2005-ին նույն «Midland Resources Holding Ltd»-ը  «Ֆորմուլա-1»-ի թիմերի մեկի համար վճարեց 50 միլիոն դոլար:

Ավելացնենք, որ 2011-ի առաձին եռամսյակում «Հայաստանի էլեկտրացանցերը» պետբյուջե է վճարել 5,5 միլիոն դոլարի հարկ:  

1000 խոշարագույն հարկատուների ցուցակի երրորդ տեղը զբաղեցնում է
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Armenia Telephone Company»): Հիշեցնենք, որ 1997-ին հունական «ОТЕ» ընկերությունը գնեց ձեռնարկության բաժնետոմսերի 90 տոկոսը` դառնալով հեռախոսակապի մոնոպոլիստ:

2006-ին ռուսական «ВымпелКом» ԲԲԸ-ն «ԱրմենՏելի» բաժնետոմսերի նույն 90 տոկոսի համար «OTE»-ին վճարեց արդեն 341,9 միլիոն եվրո եւ վերցրեց ընկերության 40 միլիոն եվրո պարտքը: Այս տարվա առաջին եռամսյակում «ԱրմենՏելը» բյուջե է վճարել 8,6 միլիոն դոլար հարկ:

Պետեկամուտների կոմիտեն հրապարակվող հաշվետվություններում ուղիղ հարկերի մեջ միացնում է շահութահարկն ու եկամտահարկը: Դրա պատճառով հնարավոր չի լինում իմանալ ընկերության շահույթի մեծությունը եւ բաժնետերերին վճարվող շահաբաժինը:

Սակայն Պետեկամուտների կոմիտեի հրապարակվող 440 խոշորագույն հարկատուների ցուցակում վճարած հարկերից բացի նշվում են նաեւ ազատ տնտեսական ցուցանիշներ: Դրանք համադրելով կարելի է եզրակացնել, որ առեւտրային ընկերությունների եկամուտն իմանալու համար անհրաժեշտ է վճարած հարկերի ցուցանիշը բազմապատկել տասով: Իսկ շահույթն իմանալու համար եկամուտը պետք է բազմապատկել 17-ով:

Այսքան հաշվարկ կատարելու եւ մոտավոր տվյալներ ստանալու փոխարեն, իհարկե, լավ կլիներ օգտվել Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվությունից, սակայն դա համարվում է առեւտրային գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի տարեկան շահաբաժինները կարող են հասնել մի քանի տասնյակ դոլարների: Դրանց մեծ մասը հոսում է օտարերկրյա բաժնետերերի գրպանը: