Այսօր, ժամը 18:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Շեւրոլե» մակնիշի 22 ՍՍ 648 համարանիշի մեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվելով բետոնե սյանը եւ մետաղե արգելապատնեշին, մոտ 30 մետր գլորվել ձորը:
Ըստ նախնական տեղեկության`դեպքի վայրից Սեւան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը եւ եւս 2 ուղեւոր: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները` հրամանատար Աղասի Ալոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը, Սևանի ոստիկանության պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ:
Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի քննիչ Արամ Մարտիրոսյանը: Ըստ Շամշյանի`չնայած, վթարից անցել է մոտ երկու ժամ, սակայն ապահովագրական ընկերությունից դեռեւս աշխատակից չի ժամանել: «Նշված հատվածում խցանումները վերացնելու համար ճանապարհային ոստիկանության մի քանի տեսուչներ կարգավորում են երթեւեկությունը»,-տեղեկացնում է ֆոտոլրագրողը:
Քննիչը արդեն մեկնել է հիվանդանոց` ճշտելու վիրավորների ինքնությունը: ՃՈ աշխատակիցների հանձնարարականով վթարի վայր է ժամանել վերամբարձ կռունկ, որպեսզի մեքենան ձորից դուրս բերվի, եւ տեղափոխվի ոստիկանության Սեւանի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























