Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունիսի 26-ին որպես խափանման միջոց երկամսյա կալանք է կիրառել է Կապանի բնակիչ Կարեն Աթայանի նկատմամբ, ով մեղադրվում է սպանություն կատարելու մեջ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Կապանի բնակիչ 28-ամյա Կարեն Աթայանը իր բնակարանում կենցաղային եւ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին. Վերջինս տեղում մահացել էր:
Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Կարեն Աթայանը տառապում է շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քր.օր.ի 104 հոդվածի հատկանիշներով (Սպանություն):
Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























