Covid-ի կանխարգելման միջոցառումների շրջանակներում՝ Մալայզիայի ոստիկանությունը անօդաչուներ է օգտագործում հասարակական վայրերում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար:
Bernama պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչուները կարող են որոշել մարդկանց մարմնի ջերմաստիճանը մինչեւ 20 մետր բարձրությունից եւ կարմիր լույս արձակել՝ իշխանություններին նախազգուշացնելով բարձր ջերմություն ունեցող մարդկանց մասին:
Նախորդ շաբաթ Մալայզիայում գրեթե լիարժեք կարանտին է սահմանվել՝ կասեցնելու օրական դեպքերի աճը, որոնք մայիսի վերջին հասել էին օրական ավելի քան 9000 դեպքի:
Չնայած դրանից հետո օրական դեպքերի թիվը նվազել է, երկրի առողջապահական գերատեսչության ղեկավար Նուր Հիշամ Աբդուլլան նախազգուշացրել է, որ վարակածության եւ մահվան նոր դեպքերի մեծ մասը անհայտ շփումների հետեւանք են: «Պատճառներից մեկը վարակի նոր տեսակների ի հայտ գալն է, որոնք ունեն վարակվածության եւ մահացության ավելի բարձր ցուցանիշներ», - ասել է նա՝ մարդկանց հորդորելով մնալ տանը:
Մեկուսացման կանոնների համաձայն՝ ընտանիքի միայն երկու անդամների է թույլատրվում դուրս գալ առաջին անհրաժեշտության իրերը գնելու, ոչ կոնտակտային սպորտով զբաղվելու կամ բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում: Դպրոցները եւ առեւտրի կենտրոնները փակ են:
Ավելի վաղ Մալայզիայի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ անօդաչուներ են կիրառվելու նախկինում սահմանված ճանապարհորդական սահմանափակումների պահպանումն ապահովելու համար:





























