Իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» նախկին ղեկավար Յոսի Քոենը փաստորեն խոստովանել է, որ Իսրայելն է կանգնած Իրանի միջուկային ծրագրի եւ տեղի հեղինակավոր գիտնականի դեմ ուղղված վերջին գրոհների հետեւում, գրում է AP-ը։
Նա նաեւ նախազգուշացրել է մյուս գիտնականներին, որոնք մասնակցում են Իրանի միջուկային ծրագրին, որ իրենք նույնպես կարող են դառնալ սպանության թիրախներ, անգամ չնայած Վիեննայում իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին։
«Եթե գիտնականը պատրաստ է փոխել կարիերան եւ այլեւս վնաս չհասցնել մեզ, ապա, այո, երբեմն մենք նրանց ելք ենք առաջարկում»,- ասել է Քոենը։
2020թ. հուլիսին առեղծվածային պայթյունից ոչնչացվեց Նաթանզի կատարելագործված ցենտրիֆուգը, ինչում Իրանը մեղադրեց Իսրայելին։ Այնուհետեւ, այս տարվա ապրիլին, եւս մեկ պայթյուն ոչնչացրեց ուրանի հարստացման եւս մեկ ստորգետնյա օբյեկտ։
Քոենն ուղղակի հայտարարում էր այդ գրոհների մասին, բայց նրա ասածների որոշակիությունն ավելի քան լավ վկայում է գրոհներին Իսրայելի մասնակցության մասին։ Իսրայելական հեռուստաալիքներին տված հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողը նույնպես մանրամասն նկարագրել է, թե ինչպես է Իսրայելը պայթուցիկը տեղադրել Նաթանզի օբյեկտում, ինչին Քոենը չի առարկել։ «Այդ պայթյունների համար պատասխանատու մարդը իրանցիների համար մարմարե հիմք է տեղադրել, որի վրա դրված են այդ պայթուցիկները»,- ասել է լրագրողը։ «Երբ նրանք այն դնում են Նաթանզի օբյեկտում, նրանք պատկերացում անգամ չունեն, որ դա արդեն հսկայական քանակությամբ պայթուցիկ է պարունակում»։ Նա նաեւ հիշատակել է իրանցի գիտնական Մոհսենե Ֆահրիզադեի սպանության մասին։
Չնայած ինքը՝ Քոենը, կադրում չի խոսում սպանության մասին, լրագրողը Քոենին անվանում է մարդ, «որն անձամբ ստորագրել է ողջ արշավի համար»։
Քոենը նկարագրել է Իսրայելի փորձը՝ տարհամոզել իրանցի գիտնականներին ծրագրին մասնակցության հարցում, ինչի արդյունքում նրանցից ոմանք հրաժարվել են իրենց աշխատանքից Իսրայելի կողմից անգամ անուղղակի նախազգուշացումից հետո։





























