Հայ Ազգային Կոնգրեսը հունիսի 30-ի հանրահավաքից առաջ տարածած թերթոնում որոշ տվյալներ է հրապարակել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասին: «Եզը` աքլորի գնով» ակնարկում նշվել է, որ Ծաղկաձորի մարզահամալիրը՝ 32 հազար 237 քմ գույքային մակերեսով, 76.121 քմ հողամասով «Նյու հորիզոն» ընկերությանը սեփականաշնորհվել է ընդամենը 197.3 միլիոն դրամով (կես միլիոն դոլար), այն դեպքում, երբ միայն հողի արժեքն առանց շինությունների 8 միլիոն դոլար է։
Հղում անելով մամուլին` ՀԱԿ-ի հոդվածագիրը նշել է, որ այդ գործարքը կապվում է ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անվան հետ։ «Նաեւ այս կերպ են գոյանում բարձրաստիճան պաշտոնյաների միլիարդները»,- եզրակացրել է հեղինակը:
Նշենք, որ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը պատկանում է ամերիկյան «Նյու Հորիզոն Գրուփ Ինկ» ընկերության հայաստանյան մասնաճյուղին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նեւադայում գրանցված «Նյու Հորիզոն Գրուփ Ինկ» ընկերությունը Ծաղկաձորի մարզահամալիրը վարձակալության է վերցրել 2006 թ.: Վարձակալության ընթացքում ամերիկյան ընկերությունը էականորեն բարելավել է մարզահամալիրը` այն հասցնելով միջազգային չափանիշների։ Վարձակալության պայմանագրով նախատեսվել էր, որ վարձակալը երկու տարվա ընթացքում պետք է կատարեր 760 մլն դրամի (2006 թվականի նոյեմբեր ամսվա միջին փոխարժեքով` շուրջ 2 մլն դոլար) ներդրում եւ իր բացարձակ հայեցողությամբ (վարձակալության ժամկետի ցանկացած փուլում) եւս 1,9 մլրդ դրամի ներդրում, սակայն 2007-8 թվականաներին կատարել է 3.4 մլրդ դրամի ներդրում (այդ ժամանակվա փոխարժեքներով` շուրջ 10 մլն դոլար)։
Ծաղկաձորի մարզահամալիրը ՀՀ հավաքական թիմերին ծառայությունները մատուցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված սակագներով։
Արդյունքում ՀՀ հավաքական թիմերի մարզիկները եւ նրանց մարզիչները ստացել են բարձրակարգ ծառայություններ (ներառյալ` սնունդ, հյուրանոցային համարների տրամադրում, համապատասխան կահավորմամբ եւ մարզական գույքով հագեցված մարզադահլիճներ)` անկախ ծառայությունների մատուցման իրական արժեքներից։
Որպես խրախուսում` 2009 թ. կառավարությունը որոշում է ընդունել մարզահամալիրի գույքի եւ հողի մի մասը օտարել ընկերությանը: 32.2 հազ. քառ. մետր գույքը գնահատվել է 197.3 մլն դրամ, իսկ հողամասերի (76.1 հազ. քառ. մետր) կադաստրային արժեքը` 344.3 հազ. դրամ:
Սամվել Ավագյան




























