Երեւան-Սեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին հունիսի 26-ին «Շեւրոլե» մակնիշի մեքենայի վթարի մասին ապահովագրական ընկերությունը, որտեղ ապահովագրված է հիշյալ մեքենան, իմացել է միայն NEWS.am-ի կայքից: Այս մասին NEWS.am գործակալությանը հայտնեց ընկերության «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հայկ Բաղրամյանը: Նա նշեց, որ հիշյալ մեքենայի սեփականատերը մինչեւ օրս չի դիմել «Սիլ Ինշուրանսին»` ապահովագրական ծառայության մատուցման համար, ավելին` վթարի վերաբերյալ պաշտոնապես տեղյակ չի պահել:
Բաղրամյանը, սակայն, հանձնարարել է ընկերության աշխատակիցներին պարզել իրենց ընկերությանը չդիմելու պատճառներն ու մեքենայի վարորդին ու վթարից տուժած անձանց ցուցաբերել համապատասխան աջակցություն: Նա նաեւ հավելեց, որ ըստ կարգի` վթարի վերաբերյալ ահազանգն ստանալուց հետո 80 րոպեի ընթացքում ապահովագրական ընկերության աշխատակիցները պարտավոր են լինել վթարի վայրում: Եւ քանի որ տվյալ դեպքում ահազանգ չի եղել, բնականաբար ընկերության մասնագետները դեպքի մասին չեն իրազեկվել եւ չեն մեկնել դեպքի վայր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Շեւրոլեի» վարորդ, Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ, 40-ամյա Հրաչյա Մարգարյանը, կորցնելով կառավարումը, հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվելով բետոնե սյանը եւ մետաղե արգելապատնեշին, մոտ 30 մետր գլորվել ձորը: Վարորդին եւ մեքենայում գտնվող 6 ուղեւորներին տեղափոխել էին Սեւանի քաղաքային եւ Միքայելյանի անվան հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին դեպքի վայրից հայտնել էր, որ չնայած վթարից անցել էր մոտ երկու ժամ, սակայն ապահովագրական ընկերությունից ոչ մի աշխատակից չէր ժամանել դեպքի վայր:




























