Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, եղել մարզի Ախուրյան համայնքում, ուր պետական միջոցներով կառուցվում է 4 հարկանի 3 շենք:

Սա Ախուրյանում  իրականացվող բնակարանաշինության առաջին փուլն է: Շինաշխատանքների ընթացքին հետեւելու համար քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է շինհրապարակում: «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի բացառվեն թերություններն ու բացթողումները, որ գրանցվել էին անցած տարի Գյումրիի Մուշ թաղամասում»,-Ախուրյանում հայտարարել է Վարդան Վարդանյանը:

Իսկ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը Վարդան Վարդանյանին ներկայացրել է ախուրյանցիների դժգոհությունը, որ անօթեւանների նախապես հայտարարված թիվը Ախուրյանում կտրուկ նվազել է: «24 շահառուների փաստաթղթեր նախարարությունն արդեն կասեցրել է, իսկ  մյուս 97-ին պատասխան կտրվի առաջիկայում, ո՞րն է պատճառը»,-հարցրել է Իգիթյանը, ում այս հարցադրումը հատկապես  դուր չի ելել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին:

«Իգիթյան, եթե նման խնդիր կա, պարտադիր չի, որ էդ հարցը հենց էստեղ նախարարի մոտ բարձրացնես, պարտավոր էիր նախ եւ առաջ դիմել մարզպետարան»,-միջամտել է Աշոտ Գիզիրյանը: