Հոկտեմբերի 14-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարած այցի օրը, Բաքուն եւ Մոսկվան ադրբեջանական գազը Ռուսաստան առաքելու պայմանագիր են ստորագրել։

Միջնաժամկետ պայմանագիրը ստորագրվել է SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերության) եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ այսօր՝ Բաքվում: Փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունն են դրել «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսանդր Միլլերն ու SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը:

Հիշեցնենք, որ որ ադրբեջանական բնական գազի առքուվաճառքի պայմանների մասին փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցի ժամանակ: Ադրբեջանական գազը գնելու հնարավորության բանակցությունները «Գազպրոմը» սկսեց 2008թ.-ին, իսկ այս տարվա մարտին կողմերն անցան առքուվաճառքի պայմանների համաձայնեցմանը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի համար գլխավոր տարանցիկ երկիրը Թուրքիան է, սակայն հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման համապատկերում ադրբեջանական կողմը Անկարային ցուցադրում է հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականության ոլորտում: