Այսօր` ժամը 20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են BMW X5 մակնիշի 01 ՕՏ 009 համարանիշի ավտոմեքենան, որն առավոտյան առեւանգել էին անհայտ անձինք Նոյ թաղամասից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տանից չհկիզվող պահարանի հետ:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է Մաշտոցի վարչական շրջանի Մարգարյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող հատվածում:

Այս պահին ավտոմեքենան զննվում է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետների կողմից, վերցվում են ավտոմեքենայի վրա առկա մատնահետքերը: Այստեղ են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները, այս բաժնում է քրգործ հարուցվել քր.օր.-ի 175 հոդվածի հատկանիշներով: Մեքենայի մոտ են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, եւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` պետի օպերգծով տեղակալ Գոքոր Կարապետյանի գլխավորությամբ:

Այստեղ է նաեւ Աղվան Գրիգորյանի որդին, ում գլուխը վիրակապված է: Հավանաբար նա վնասվածքը ստացել էր առավոտյան ավազակային հարձակման ժամանակ:

Մեքենայում հայտնաբերվել եւ առգրավվել է Revolver տեսակի ատրճանակ:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, այսօր առավոտյան ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւան քաղաքում:

Ժամը 5:30-ի սահմաններում երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս էին մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն եւ զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:

Այդ պահին տանը եղել են 4 հոգի` տանտերը, երկու որդիները եւ մայրը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ նշված տունը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին: Նա ներկայումս աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեում որպես  գեոդեզիայի եւ հողային տեսչության պետ:

Ավազակային հարձակում կատարողները Գրիգորյանին եւ նրա երկու որդիներին` Անդրանիկին եւ Երվանդին դաժան ծեծի էին ենթարկել, ապա իրենց հետ տարել են տանը գտնվող չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր, առեւանգել էին նաեւ BMW X5 մակնիշի 01 ՕՏ 009 համարանիշի ավտոմեքենան:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի