Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այսօր` հուլիսի 4-ին այցելել է Տավուշի մարզ եւ ծանոթացել Հաղարծին եւ Աղավնավանք համայնքների դպրոցների վերանորոգման աշխատանքներին,  որոնց համար ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 19.2 եւ 28.8 մլն դրամ: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են եւ նախատեսվում է ավարտվել մինչեւ  նոր ուսումնական տարվա սկիզբը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը ծանոթացել է նաեւ Հովքի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներին, որի համար նույն ծրագրով հատկացված է 19.2 մլն դրամ:  

Ենոքավանում փոխվարչապետն ԱԺ պատգամավոր Մ. Վարդանյանի հետ մասնակցել է համայնքի գազիֆիկացմանը նվիրված արարողությանը:

Դիլիջանում Ա. Գեւորգյանը  ծանոթացել է Թախտա թաղամասի նախկին մանկապարտեզի շենքը  որպես տարրական դպրոց վերակառուցելու աշխատանքներին, որոնք կավարտվեն մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը: Դպրոցի վերանորոգման համար առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հատկացվել է 38.4 մլն դրամ:

Մարզային այցի ավարտին փոխվարչապետը եղել է Դիլիջանում, որտեղ ներկա է գտնվել «Միմինո» հուշարձանի հանդիսավոր բացմանը, որին մասնակցել են հյուրեր Ռուսաստանից եւ Վրաստանից: Դիլիջանում այդ ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին եւ ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը: Տեղական իշխանությունները համոզմունք են հայտնել, որ այն սիրելի այցելավայր կդառնա զբոսաշրջիկների համար: