NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում հունիսի 3-ին 2 մարդու կյանք խլած վթարի մասին: Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նույն գյուղի 2-3 երիտասարդներ որոշել են փորձել, թե իրենց նոր գնած ավտոմեքենաներից որն է ավելի լավ, եւ գիշերը կազմակերպել են ավտոռալլի: Ռալլին դիտելու համար հավաքվել են մոտ տասնյակ երիտասարդներ; Սակայն մեծ արագությամբ ընթացող մեքենաներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը, եւ մխրճվել է մարդկային բազմության մեջ: Արդյունքում` 2 մարդ մահացել է, երրորդը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Վրաերթ իրականացրած երիտասարդը այնուհետ փորձել է առաջին օգնություն ցույց տալ, սակայն վիրավորներին փրկել չի հաջողվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 3-ին ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել էին, որ վրաերթի հետեւանքով իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչներ 47-ամյա Հովակիմ Գրիգորյանի եւ 35-ամյա Համլետ Գրիգորյանի դիակները, ինչպես նաեւ նույն գյուղի բնակիչ 35-ամյա Սեւակ Կարապետյանը` մարմնական վնասվածքներով:
Գյուղ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 1-ի սահմաններում Գեղադիր գյուղի միջնամասում «Մերսեդես Բենց-E-320» մակնիշի 70 ՕՕ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, վրաերթի ենթարկել նշված անձանց, այնուհետեւ բախվել ճանապարհին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի 09 ՕՍ 544 համարանիշի ավտոմեքենային:
Այսօր առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժին ինքնակամ ներկայացել է 31-ամյա Հովիկ Ռաֆայելյանը: Նա խոստովանել է, որ վրաերթն ինքն է կատարել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























