Թուրքիայում դատախազը պահանջում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար 4 տարվա ազատազրկմամբ դատապարտել 83-ամյա դերասանին, հայտնում է Artı Gerçek լրատվական կայքը:
Ջենկո Էրկալի դեմ մեղադրանքը հիմնված է սոցիալական ցանցերում 2016 թ. երեք գրառումների վրա, որոնք ենթադրաբար ուղղված են Թուրքիայի առաջնորդի դեմ։
«Իմ գրառման մեջ վիրավորանք չկար»,- ասել է 83-ամյա դերասանը: «Եթե մեղադրանքն ընդունվի, ես կպաշտպանեմ ոչ միայն ինքս ինձ, այլեւ (թուրքական) հանրապետության հիմնական արժեքները, ժողովրդավարությունը, մարդկու իրավունքներն ու մտքերի արտահայտման ազատությունը»:
Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն, նախագահին վիրավորելը հանցագործություն է եւ նախատեսում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում:
299-րդ հոդվածով նախատեսված հետաքննությունների եւ դատապարտումների թիվը աճել է 2014-ից ի վեր, երբ Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը:
2014-2019 թվականների ընթացքում Թուրքիայի դատախազությունը երկրի նախագահին «վիրավորելու» մեղադրանքով 129 000 մարդու դեմ հետաքննություն է սկսել, մարտին հայտնել է Duvar լրատվական կայքը:





























