Երեւանում ընթանում է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հայկական կողմից նախագահում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ուկրաինականից՝ արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին։

Կողմերը պետք է հաստատեն այն նիստի արձանագրությունը, որը տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման պայմանավորվածություններ է նախատեսում։ Մասնավորապես խոսքը առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցության մասին է, որն այսօրվա դրությամբ զիջում է կողմերի իրական ներուժին։ Այս հարցում կան նաեւ տեխնիկական խնդիրներ, քանի որ փոխադարձ ապրանքաշրջանառության մասին կողմերի տվյալները տաբերվում են։ Ըստ հայկական կողմի տվյալների, 2008 թվականին հայ-ուկրաինական ապրանքաշրջանառությունը կազմել է 333 մլն. դոլար, այն դեպքում, երբ ըստ ուկրաինականի, այն կազմում է մոտ 305 մլն.։ Կողմերի համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է վերացնել տարբերությունները։

Տրանսպորտի ոլորտում համագործակցության կապակցությամբ հայկական կողմն առաջարկել է քննարկել միջազգային արտոնագրեր չպահանջող «Ավտոմեքենաների միջազգային փոխադրումների մասին» երկկողմ նոր համաձայնագրի ստորագրման հարցը։

Նիստի արդյունքում կստորագրվեն «Հայաստանի պետեկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի մաքսային ծառայության միջեւ վիճակագրական տվյալների փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին» արձանագրությունը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության եւ Ուկրաինայի ընտանիքի, երիտասարդության ու սպորտի նախարարության միջեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցելու վերաբերյալ հուշագիրը։