Ադրբեջանի կողմից ապօրինի սահմանահատման դեպքն իրանա-ադրբեջանական սահմանին բախումների պատճառ է դարձել, ինչի արդյունքում  ադրբեջանցի  սահմանապահ է զոհվել: Այդ մասին «IRNA» գործակալությանը հայտնել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլահին: Նրա խոսքով` ադրբեջանցի սահմանախախտ զինվորականները  չեն արձագանքնել իրանցի սահմանապահների նախազգուշացումներին: Ներկայումս երկու երկրների մեջ խորհրդակցություններ են ընթանում, այդ թվում` դիվանագիտական խողովակներով, ինչպես նաեւ կատարվածի պատճառների բացահատման համար համատեղ հետաքննություն է անցկացվում:

«Սահմանապահների կողմից սահմանի հատման դեպքեր լինում են, դա սովորական երեւույթ է: Սակայն հակառակ կողմի զգուշացումների պարագայում պետք է արձագանքնել եւ կանգնել: Այս դեպքում նման բան տեղի չի ունեցել», -ընդգծել է Աբդոլահին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` երկուշաբթի Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը  եւս հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում  սահմանապահ Ռուֆատի Կուլիեւի մահվան մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել  զինված անձանց` իրանական կողմից սահմանը հատելու արդյունքում: