«Կապված հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ՝ հայ մի շարք գործարարներ արդեն որոշակի առաջարկներ են արել մեզ, եւ մենք դեռ կքննարկենք այդ առաջարկները»,- հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Չհերքելով, որ, Թուրքիայի համեմատ, տնտեսական առումով Հայաստանը բավականին խոցելի է, նա, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ սահմանի բացման դեպքում հարկային եւ մաքսային նոր դաշտ կսկսի գործել, ինչի արդյունքում Հայաստանից արտահանման ծավալները կավելանան, իսկ ներմուծված ապրանքները կվաճառվեն ավելի էժան գներով։
Այդչափ լավատես չէր մյուս բանախոսը՝ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը, ով նկատեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նրա խոսքով, Թուրքիայում երկաթուղին վատ է զարգացած, եւ բեռնափոխադրումներն իրականացվում են հիմնականում նավերով եւ ավտոմեքենաներով, ինչը բավական թանկ կնստի Հայաստանի վրա։




























