Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` հուլիսի 6-ին  տեղի ունեցավ ամուսնու կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու պատճառով մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատավարությունը: Նիստին բացակայում էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը: Չնայած դրան, նիստը հետաձգելու մասին նրա միջնորդությունը դատարանը մերժեց` հաշվի առնելով դատարանի կողմից վկաներին բերման ենթարկելու մասին նախկինում կայացրած որոշումը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ Հերիքնազ Մարտիրոսյանը` ամբաստանյալի եղբոր կինը, Արփինե Ափոյանը` հարեւանուհին, Շողիկ Խաչատրյանը` տուժողի հորաքույրը եւ համակուրսեցին:

Հերիքնազ Մարտիրոսյանը դատավարության ընթացքում հայտարարել է, թե Յանիս Սարկիսովն ու Զարուհի Պետրոսյանը հաշտ ու համերշխ են ապրել եւ երբեւէ չեն կռվել` հակասելով նախաքննության ընթացքում տված սեփական ցուցմունքներին: Մինչդեռ մյուս վկաները պնդել են, որ Զարուհի Պետրոսյանը բազմիցս դաժան ծեծի է ենթարկվել ամբաստանյալ Յանիս Սարկիսովի կողմից: 

Հաշվի առնելով գործով միակ ականատես վկաներ Վարսենիկ եւ Մհեր Հակոբյանների` նիստից բացակայելու փաստը` պաշտպանության կողմը միջնորդեց դատը հետաձգել, որպեսզի հաջորդ նիստին ապահովվի իր կողմից միջնորդված նոր վկայի` Դավիդ Հակոբյանի  մասնակցությունը:

Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  հուլիսի 11-ին, ժամը 11-ին,  Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է  2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին: Նա ունի մանկահասակ դուրստր, որը գտնվում է մանկատանը:

Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ: