Հայաստանի բնապահպանության նախարարությունը կառավարության հուլիսի 7-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ստորերկրյա խորքային հորերից հոսող ջրերի նկատմամբ ջրաչափերի տեղադրման կարգը:
Թեեւ կառավարության ջանքերով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունները 2009-2010 թվականների ընթացքում տեղադրեցին ջրաչափեր, այս ոլորտում, ըստ երեւույթին, մնում են չլուծված խնդիրներ: Նշենք, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրային համակարգի անխնա օգտագործումը ձկնաբուծական կարիքների եւ ոռոգման նպատակներով, սպառնում են վնասել հանրապետության ջրային պաշարները:
Որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում ջրաչափերը պետք է տեղադրվեն կամ փոխարինվեն 6 ամսվա ընթացքում:
Որոշմամբ արձանագրվում է, որ հիմնական ջրաչափը պետք է տեղադրված լինի փականից հետո այնպես, որ հնարավոր լինի չափել արտամղվող ջրի ամբողջ ծավալը: Իսկ փականից հետո մինչեւ հիմնական ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի հիմնական խողովակին միացված որեւէ այլ խողովակի առկայությունը կամ միացման հնարավորությունը:
Ջրաչափերը պետք է տեղադրվեն տեսանելի հատվածներում, այնպես, որ հնարավոր լինի դրանք անարգել կապարակնքել:
Ջրաչափիչ սարքի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:




























