Ծաղկաձորում այսօր` հուլիսի 8-ին մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է կայացել, որտեղ քննարկվել են համայնքային բյուջեների կատարողականի կիսամյակային արդյունքները:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 86,1 տոկոս, սեփական եկամուտների կատարողականը` 87, 8 տոկոս. աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6 տոկոս է կամ 524 մլն դրամ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ գյուղատնտեսությունում նկատվող միտումները բարենպաստ միջավայր են ստեղծում հատկապես հողի հարկի մասով պլանավորված ցուցանիշներն ապահովելու համար:
ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ ամեն ինչ արվում է ջուրը գյուղացիական տնտեսություններին ժամանակին հասցնելու համար: Միաժամանակ կարեւորվում է վարձավճարների հավաքագրումը` ՋՕԸ-երի կողմից: Փոխվարչապետը կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը:
Բացի այդ, մարզպետները տեղեկություններ են ներկայացրել Համահայկական խաղերին քաղաքային համայնքների մասնակցության վերաբերյալ: Փոխվարչապետը եւս մեկ անգամ կարեւորել է հանրապետության քաղաքների ակտիվ եւ պատշաճ մակարդակով մասնակցությունը հոբելյանական 5-րդ խաղերին:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Մարմարիկի ջրամբարի տարածք, տեղում ծանոթացել վերականգնման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկել ավարտական փուլի մանրամասներն ու ժամկետները:




























