Նախկին փոխվարչապետ, այժմ արդեն՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասը ձեռք բերելուց հետո Հայաստանում նոր պղնձաձուլարան ու ատոմակայան ունենալու հեռանկարներին։

«Առաջիկայում նշմարվում է պրոցեսի ավելի երկարաժամկետ շղթա։ Այն է՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում, խոսքը վերաբերում է նոր ատոմակայանի կամ ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծմանը։ Նպատակ ունենք Հայաստանում թե՛ գործող ատոմակայանի կյանքը երկարաձգել, թե՛ նոր ատոմակայան կառուցել», - ասաց նա։

Պապիկյանը հավելեց, որ իր նշած շղթան ավելի է երկարելու, հասնելու է մինչև նոր գործարանների հիմնում:

«Այս շղթան բերելու է նրան, որ մենք պղնձաձուլարան ունենալուց հետո կունենանք արդեն և՛ ձուլված պղինձ, և՛ դրանից բխող այլ արտադրական շղթա, այլ գործարաններ», - նշեց նա՝ չմանրամասնելով սակայն, թե պղնձաձուլարանի կառուցման համար ինչ անհրաժեշտ նախադրյալներ կան։

Պապիկյանի խոսքով՝ իրականացվելիք ծրագրերը հաջողության կարող են հասնել ՀՀ կառավարության, ՌԴ կառավարության և գործարար ոլորտի համատեղ աշխատանքի արդյունքում։