Միացյալ Նահանգները գրեթե ավարտել է նոր մարտավարական միջուկային B61-12 ավիառումբի մշակումը եւ շուտով կսկսի դրա սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է Defense Daily-ն՝ հղում անելով ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության տվյալներին։
Ենթադրվում է, որ արդեն 2022 թվականին ԱՄՆ մայրցամաքային հատվածի եւ Եվրոպայի ամերիկյան պահեստներում դրանք կգան փոխարինելու այս ավիառումբերի հնացած տարբերակներին (B61-3 եւ B61-4)։
Ըստ առկա տեղեկությունների՝ B61-12 ավիառումբերը (0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա հզորությամբ), մասնավորապես, կտեղադրվեն Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իտալիայի եւ Թուրքիայի ավիաբազաների ստորգետնյա պահեստներում, որոնք վերահսկվում են ամերիկյան զինվորականների կողմից, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Տարբեր գնահատականներով, ներկայումս ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում ԱՄՆ-ն ունի 100-150 միջուկային ավիառումբեր՝ մարտավարական ավիացիայի կողմից օգտագործման համար:
Դրանք նախատեսված են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների ռազմաօդային ուժերի մարտավարական F-35A, F-15E եւ F-16C/D, F/A-18 կործանիչներ-ռմբակոծիչները հագեցնելու համար։
Հին մոդելին փոխարինելու եկած նոր ավիառումբի յուրահատկությունը պոչի բլոկն է։ Դա ռումբը դարձնում է ավելի կառավարելի եւ ճշգրիտ, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պարաշյուտով իջեցնել այն, այլ գցել բարձր թռչող ինքնաթիռից։ Նետված ռումբն ինքնավար կերպով մղվում է դեպի շատ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող թիրախը, անհրաժեշտության դեպքում «ուղղվելով» դեպի այն։





























