Հայաստանում նոյեմբերի 18-20-ը կանցկացվի Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի համագումարը, որի համար Հայաստան կժամանեն ոսկրածուծի եւ փոխպատվաստման ոլորտի եզակի մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի» նախագահ, դոկտոր Ֆրիդա Ջորդանը։ Նրա խոսքով՝ համագումարի ընթացքում ամենակարեւորն այն է, որ կլինեն դասախոսություններ, ինչը հնարավորություն կտա համագումարի մասնակիցներին տեղեկանալ ոսկրածուծի եւ փոխպատվաստման ոլորտի գիտության վերջին նվաճումներին։

«Սա լինելու է տարածաշրջանում եզակի միջոցառում։ Մենք շատ ուրախ ենք, որ այս միջոցառման իրականացումը հենց Հայաստանին է վստահվել, ինչը վկայում է այն մասին, որ այս ոլորտում մեր աշխատանքի որակը չի զիզում աշխարհի այլ երկրներում իրականացվող  աշխատանքներին»,-ասաց դոկտոր Ջորդանը։ Նրա խոսքով՝ համագումարին կմասնակցեն ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Պարսկաստանից, Հնդկաստանից եւ մի շարք այլ երկրներից։

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամ»-ում ներկայումս գրանցված են 20 հազ.-ից ավելի դոնորներ։ Աշխարհի տարբեր բժշկական կենտրոններից ստացվել են մոտ 2000-ից ավել դիմումներ, որոնցից շուրջ 1600 հիվանդի համար հիմնադրամը գտել է համապատասխան դոնոր։

Տեղեկացնենք, որ Հայասատանը Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի լիագումար անդամ է եւ 2006թ. համապատասխան հավատարմագիր է ստացել։