Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, կնիքներ հափշտակելու, գույքը դիտավորությամբ վնասելու, խարդախություն եւ ավազակություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն պահելու համար Մ. Բատիկյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. դեկտեմբերի 28-ի` լույս 29-ի գիշերը Մ. Բատիկյանը Վ, Խաչատրյանի միջոցով կազմակերպել է Երեւանի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գ. Ենգիբարյանի կնիքի ռետինե շերտի ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակությունը եւ այդ փաստը թաքցնելու նպատակով կազմակերպել է հրկիզման եղանակով նոտարի աշխատասենյակի գույքի դիտավորյալ վնասումը:

Այնուհետեւ` Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ն. Խաչատրյանի հետ, 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ պաշտպանիչ պիտակների օգտագործմամբ փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու միջոցով Երեւանում գտնվող մոտ 1,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 7-8 բնակարանների նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Բացի այդ, Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով Հ. Անդրեասյանի եւ Ա. Ներսիսյանի հետ, 2009թ. օգոստոսի 7-ին ավազակային հարձակում է կատարել Ջրվեժ գյուղում բնակվող, հնահավաք Մ. Մարգարյանի տան վրա եւ հափշտակել 6 154 970 դրամ արժողության գույք:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 26-ի դատավճռով Մ. Բատիկյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Ա. Ներսիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ, իսկ Հ. Անդրեասյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Վ. Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 324-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման եւ ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա Վ. Խաչատրյանը ազատվել է պատիժը կրելուց :

Սույն դատավճիռը պաշտպանական կողմը  բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: