Երեւանում կանաչապատման  ծավալները ավելացնելու եւ աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկրվել են հատուկ նշանակության 500 միավոր տեխնիկասարքավորումներ . խոտհնձիչներ, թունաքիմիկատների ներարկման մեխանիզմներ, փորող-փխրեցնող գործիքներ, էլեկտրա եւ բենզասղոցներ եւ այլն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին անգամ Կանադայից ներկրվել է նաեւ մասնագիտացած բեռնատար, որի թափքում տեղադրված համակարգերը ծառը բնարմատով ու բնահողով  մեկ տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու հնարավորություն են տալիս: Այս սարքավորումների առկայությամբ հնարավոր կլինի լիարժեք կատարել ագրոտեխնիկական կանոններին համապատասխան բոլոր միջոցառումները: Մեքենամեխանիզմները, ըստ նախապես ներկայացված հայտերի, կբաժանվեն վարչական շրջաններին, որոնք էլ իրենց հերթին եղած տեխնիկայի մի մասը կտրամադրեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին, նախադպրոցական կրթական հաստատություններին եւ համատիրություններին:

Արդյունքում, այն ամենն, ինչը մինչ օրս մայրաքաղաքի այգիներում, պուրակներում եւ այլ կանաչ գոտիներում իրականացվում էր ձեռքով, այսուհետ կկատարվի մեքենայացված տարբերակով` մի քանի անգամ արագացնելով եւ առավել նպատակային դարձնելով աշխատանքը: Շուտով Երեւան կհասնի թվով 400 միավոր նմանատիպ սարքավորումների 2- րդ խմբաքանակը: