Վերջին 10 տարվա ընթացքում Կահիրեին հաջողվել է հայրենիք վերադարձնել շուրջ 30 հազար հնագույն արտեֆակտ, որոնք ապօրինի ճանապարհով դուրս էին բերվել երկրից, շաբաթ հայտարարել է Եգիպտոսի Հնությունների ու զբոսաշրջության նախարարության Վերադարձված արտեֆակտների ստորաբաժանման գլխավոր տեսուչ Շաբան Աբդել Գաուադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ստորաբաժանման մասնագետները հետեւում են ամբողջ աշխարհում աճուրդներին ու ինտերնետային վաճառքներին արտերկրյա եւ եգիպտական կայքերով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերով: «2011 թվականից սկսած՝ Եգիպտոսին հաջողվել է վերադարձնել 29 300 արտեֆակտ,-ասել է նա:-Միայն այս տարի Վաշինգտոնի Աստվածաշնչի Թանգարանում հայտնաբերվել է հինեգիպական քաղաքակրթության 5 300 հուշարձան»: Մաքսանենգ ճանապարհով դուրս բերված բոլոր արտեֆակտները գրանցված են արխիվներում եւ այժմ աշխատանքներ են տարվում դրանք Եգիպտոս վերադարձնելու ուղղությամբ, հավելել է նա:
Գլխավոր տեսուչը պատմել է, որ հայրենիք վերադառնալուց հետո մշակութային արժեք ներկայացնող իրերը վերականգնվում են, այնուհետեւ ցուցադրվում թանգարաններում: Եգիպտոսում 1983 թվականին էապես խստացվել է արտեֆակտների պահպանության ոլորտին առնչվող օրենսդրությունը. մշակութային ու պատմական ժառանգության օբյեկտների դուրս բերումն արգելված է եւ պատժվում է օրենքով: Իշխանությունների տվյալներով՝ մաքսանենգային հնությունների 95 տոկոսը «սեւ հնագետների» պեղումների արդյունք են:





























