Գեղարքունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով  4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 31 հրշեջ-փրկարարական  ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել  ավտոմեքենաներից և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին  վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով  տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: