Պարբերականն իր վերլուծականում անդրադարձել է ԿԸՀ անդամների թեկնածուներին, որոնց մեջ է նաեւ ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանը: «Եթե նախկինում գոնե ԿԸՀ-ում կար ընդդիմադիր «Ժառանգության» կամ թեկուզ Դաշնակցության ներկայացուցիչ, ապա ներկայիս ԿԸՀ-ում արդեն կարելի է ասել, որ նույնիսկ այդ երկուսը, գոնե մեկն էլ չի լինելու, կամ եթե լինելու է, ապա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կրող, այլ պարզապես դերասանական արվեստի ներկայացուցիչ, որին միգուցե ԿԸՀ-ում կվերապահվի, այսպես ասած, անկախի, անաչառի, ընդդիմադիր կեցվածք ունեցողի դեր: Բայց այն, որ նոր ԿԸՀ-ն իր որակներով ոչ միայն չի տարբերվելու նախկինից, այլ նաեւ ըստ էության է՛լ ավելի կառավարելի է լինելու նախկինի համեմատ, ակնհայտ է:

Եվ այդ դեգրադացիան թերեւս արժե, որ արձանագրեն նաեւ այն եվրադիտորդները կամ եվրափորձագետները, ում հետ միասին եւ ում հավանությամբ իշխող կոալիցիան Ընտրական օրենսգիրք է բարեփոխել եւ իբր քայլ առաջ արել դեպի արդար եւ թափանցիկ, դեպի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Իրականում բոլորի համար ակնհայտ է ու տեսանելի, եթե կա իհարկե տեսնելու ցանկություն, որ Հայաստանի իշխանությունն իր այս մի ժեստով իսկ, ԿԸՀ ձեւավորման այս գործընթացով իսկ վկայեց, որ բացարձակապես պատրաստ չէ ընտրական համակարգում արձանագրել շրջադարձային փոփոխություններ, եւ առավելագույնը, որ կարող է խոսք լինել, դա հերթական քայլառաջն է, որն իրականում քայլ է դեպի անդունդ, որովհետեւ այնտեղ չհայտնվելու համար Հայաստանին ցատկ է պետք, ոչ թե քայլ»,-գրում է թերթը: